«Ռեալ Մադրիդն» արդեն գտնվում է Ջիդայում՝ պատրաստվելու «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչին։ Այսօր՝ չորեքշաբթի նախատեսված են Խաբի Ալոնսոյի և թիմի ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսները՝ նախքան դերբին, ինչպես նաև վերջին մարզումը մրցավեճից առաջ։
Մադրիդյան ակումբը Ջիդա է ժամանել առանց Մբապեի՝ մինչև վերջ սպասելով առաջիկա ժամերի ընթացքում նրա առողջական վիճակի բարելավմանը։ Հարցական է նաև նրա հնարավոր մասնակցությունը հավանական եզրափակիչին, եթե «սերուցքայինները» հաղթահարեն Սիմեոնեի թիմի արգելքը։
Այս պահին Մբապեն կշարունակի վերականգնողական գործընթացը Մադրիդում։ Ակումբը կօգտագործի նրա՝ Ջիդա մեկնելու բոլոր հնարավորությունները, իհարկե միայն այն դեպքում, եթե Խաբի Ալոնսոյի թիմին հաջողվի դուրս գալ կիրակի օրը կայանալիք եզրափակիչ՝ «Ատլետիկի» կամ «Բարսելոնայի» դեմ։
Թիմի հետ մեկնել է Հաուսենը, որը Մբապեի նման բաց էր թողել «Բետիսի» դեմ խաղը մկանային խնդիրների պատճառով։ Կենտրոնական պաշտպանն արդեն երկու մարզում է անցկացրել և Խաբիի համար այլընտրանք կլինի պաշտպանություն կազմելիս՝ «ռոխիբլանկոսների» հարձակմանը դիմակայելու համար։ Հայտացուցակում է նաև Դանի Կարվախալը, որը ընդգրկված էր նաև նախորդ խաղի ցուցակում, թեև խաղադաշտ դուրս չեկավ։
Խմբի հետ է նաև Տրենտը, թեև նրա ներկայությունը խորհրդանշական է. նա չի մարզվել այս երեքշաբթի և չի կարողանա մասնակցել մրցաշարին։ Նա ճանապարհորդում է թիմի հետ՝ Սաուդյան Արաբիայում վերականգնումը շարունակելու համար (նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է միայն փետրվարին)։ Թիմի հետ են նաև պատանի ֆուտբոլիստներ Ֆրան Գոնսալեսը, Դավիդ Խիմենեսը և Տիագո Պիտարչը։
Այսպիսով, «Ատլետիկոյի» դեմ խաղում Խաբիի թիմի կորուստներն են՝ Միլիտաոն, Մբապեն, Տրենտը և Բրահիմը։
Հայերեն