Հոդվածներ

Տվե՛ք Արդա Գյուլերին կիսապաշտպանության բանալիները
25.06.2025
285 0

Երբ «Ռեալ Մադրիդը» հաղթեց Արդա Գյուլերին գնելու մրցավազքում, նրա տեղափոխության շուրջ մեծ ակնկալիքներ կային։ Նրան անվանում էին համաշխարհային ֆուտբոլի ամենախոստումնալից տաղանդներից մեկը։ Սակայն իր առաջին մրցաշրջանում՝ Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ, Գյուլերը շատ հաճախ խաղադաշտ դուրս չէր գալիս։

Բայց ամեն ինչ փոխվեց մրցաշրջանի վերջին հատվածում։ 20-ամյա կիսապաշտպանը կարողացավ ցույց տալ իր իրական արժեքը՝ անցկացնելով մի քանի վճռորոշ ու տպավորիչ հանդիպում Լա Լիգայի վերջնամասում։ Եվ այդ կայունությունը շարունակվեց նաև արդեն նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք։

Աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում՝ «Պաչուկայի» դեմ խաղում Գյուլերը սկսեց հանդիպումը մեկնարկային կազմում և իր առաջին գոլը խփեց Ալոնսոյի գլխավորությամբ՝ թիմային հարձակման իդեալական ավարտով։ Նրա հարվածը աջ ոտքով և ճիշտ պահին տուգանային ներխուժելը դարձան հանդիպման ամենագեղեցիկ դրվագներից մեկը։ Սա նրա 10-րդ գոլն էր «Ռեալի» կազմում։

Խաբի Ալոնսոյի՝ Գյուլերին կենտրոնական կիսապաշտպանությունում օգտագործելու որոշումը զգալիորեն մեծացրեց նրա ազդեցությունը թիմի հարձակման կառուցման և առաջխաղացման փուլերում։ Նա հաճախ էր ստանում գնդակը խորքում՝ օգնելով «Ռեալին» հաղթահարել գծերը, իր կախարդական ձախ ոտքով կատարում էր սուր փոխանցումներ և չէր մոռանում պաշտպանական աշխատանքների մասին։

Նրա շարժումները, կոմբինացիոն խաղի ձգտումը և գնդակի առաջ մղումը խորքից դարձնում էին նրան առանձնահատուկ։ Դեռևս «Ալ Հիլյալի» դեմ առաջին խաղում՝ դուրս գալով փոխարինման, Գյուլերն անմիջապես սկսեց կտրող փոխանցումներ կատարել՝ օգնելով «Ռեալին» ստեղծել վտանգավոր պահեր՝ գնդակով խաղի միջոցով։ 

«Սելտայի» դեմ խաղը հստակ ցույց տվեց նրա կարողությունը՝ կատարել վերջին փոխանցումը, բացել պաշտպանությունը ճշգրիտ փոխանցումներով և լինել ստեղծարար շարժիչ կենտրոնում։ Նա կատարեց հիանալի գոլային փոխանցում և խփեց գեղեցիկ գոլ իր ձախ ոտքով։ Բացի այդ՝ նա ստեղծեց երեք գոլային պահ և դարձավ «Ռեալի» հարձակման առանցքային դեմքերից մեկը։

«Մայորկայի» դեմ խաղում մենք տեսանք Գյուլերի մի փոքր այլ տարբերակը՝ ավելի ակտիվ գնդակով և խաղի վերահսկմամբ։ Նա կատարեց 81 փոխանցում 80% ճշգրտությամբ, որոնց մեծ մասը՝ վերջին երրորդում։ Նա ղեկավարում էր հարձակումները գնդակի տիրապետման միջոցով՝ ստեղծելով վեց գոլային պահ և կատարելով ութ առաջ մղող փոխանցում։ Թեև նա ուղղակիորեն չմասնակցեց գոլերին, բայց ամբողջությամբ թելադրում էր խաղի տեմպը։

«Ռեալ Սոսիեդադի» դեմ մրցաշրջանի վերջին խաղում բացահայտվեց նաև նրա մեկ այլ որակ։ Իր նախկին ակումբ «Ֆեներբախչեի» աստղը ևս մեկ անգամ ակտիվ էր՝ խաղի կառուցման և գնդակի առաջխաղացման ժամանակ՝ աջ վինգերի դիրքից կենտրոն սահելով։

Նա ստեղծեց երեք գոլային պահ, կատարեց հինգ առաջ մղող փոխանցում և ավելի քան 90 փոխանցումբ։ Առանձնանում էր նաև նրա ագրեսիվ պաշտպանական աշխատանքը․ Գյուլերը կատարեց վեց գնդակի խլում (որից չորսը՝ մրցակցի կիսադաշտում)։ Նրա առանց գնդակի աշխատանքը ընդգծում է նրա բազմակողմանիությունը և դարձնում նրան իդեալական ֆուտբոլիստ տարբեր տակտիկական սխեմաների համար։

Այնուամենայնիվ, ամեն ինչ այդքան էլ հարթ չէ երիտասարդ ֆուտբոլիստի համար։ «Էլ Կլասիկոյում» նա չարդարացրեց սպասելիքները։ Նա դժվարությամբ էր պահում գնդակը «Բարսելոնայի» պրեսինգի տակ և ֆիզիկական պայքարներում հաճախ էր կորցնում գնդակը։ Թեև նա կարող է կատարել ճշգրիտ կտրող փոխանցում 10-ից 9 անգամ, դեռ պետք է սովորի որոշ փուլերում ավելի վստահ վերահսկել և պահել գնդակը։

Թեպետ Գյուլերը դեռևս ամբողջապես ձևավորված խաղացող չէ, նրա ժամանակը Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ վճռորոշ կլինի զարգացման համար։ Ալոնսոյի տեսլականը՝ նրան կիսապաշտպանությունում օգտագործելու մասին, կարող է դառնալ առանցքային։

Թեև կան սկզբնական դժվարություններ, Արդա Գյուլերը այն խաղացողն է, ով կարող է վճռել խաղերի ելքը թե խաղային դրվագներից, թե ստանդարտներից։

Յաշ Թհակուր, ManagingMadrid պարբերական


Ամենակարդացված