Հոդվածներ

Բելինգեմը կարող է բացակայել երեք ամիս
21.05.2025
653 0

«Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ուսի վիրահատության կենթարկվի ակումբային աշխարհի առաջնության ավարտից հետո։ Ֆուտբոլիստն անհանգստություն է զգում դեռևս 2023 թվականի նոյեմբերից և մինչև օրս խաղում է ամրացվող կապով։

The Athletic-ի փոխանցմամբ՝ վիրահատությունը նախատեսված է ԱԱԱ-2025-ի ավարտից հետո։ Մրցաշարը կանցկացվի այս տարվա հունիսի 15-ից հուլիսի 13-ը՝ ԱՄՆ-ում։ Խմբային փուլում «Ռեալը» մրցելու է «Ալ Հիլալի», «Պաչուկայի» և «Զալցբուրգի» դեմ (H խումբ)։

Աղբյուրի տվյալներով՝ վերականգնման գործընթացը կարող է տևել մոտ 12 շաբաթ։ Սա նշանակում է, որ Բելինգեմը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լա Լիգայի հաջորդ մրցաշրջանի մեկնարկին։

Վիրահատությունը նախատեսվում է անցկացնել այն նույն կլինիկայում, որտեղ ընթացիկ մրցաշրջանում արդեն վիրահատվել են Ֆերլան Մենդին, Անտոնիո Ռյուդիգերը և Էդեր Միլիտաոն։

Այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Բելինգեմը մասնակցել է 50 հանդիպման, խփել 13 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30–ը։


Ամենակարդացված