Հոդվածներ

Անչելոտի․ «Ես «Բարսելոնային» առաջիկա խաղի ֆավորիտ չէի անվանի»
11.05.2025
699 0

Իսպանիայի առաջնության 35–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Բարսելոնային» (11.05.2025, 18:15):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Մենք լավ մարզավիճակում ենք և մոտիվացված։ Մեզ սպասվում է շատ-շատ կարևոր խաղ, բարդ է լինելու, բայց մենք կհաղթահարենք։ «Բարսելոնան» իր խաղաոճով սովոր է մեզ մղել դեպի մեր կիսադաշտ, այդ պատճառով, երբ մենք գնդակն ունենանք, պարտավոր ենք դրանից օգտվել։

Մոտիվացիայի խնդիր չունենք, ամենակարևորը՝ ֆուտբոլիստներին տալ առավելագույն պատկերացում այն մասին, թե ինչպես պետք է խաղալ։ Եթե խաղացողները լսեն ինձ, ամեն ինչ կստացվի (ծիծաղում է)։

Ցանկացած պարագայում, «Էլ Կլասիկոյի» ժամանակ մենք պետք է լավ պաշտպանվենք։ Կատալոնացիները սովորաբար գերակշռում են մրցակցի կիսադաշտում, բայց սա կատարյալ թիմ չէ։ Ես չէի ասի, թե «Բարսելոնան» ֆավորիտ է առաջիկա հանդիպման համար»։

«ՉԼ-ից դուրս մնալը ազդեց մեզ վրա՞։ Ֆուտբոլն այդպիսին է՝ երբ պարտվում ես, պետք է արձագանքես։ Լա Լիգան հաղթելը բարդ է, որովհետև ամբողջ մրցաշրջանի ընթացքում կայունություն է պետք, բայց Չեմպիոնների լիգայից ավելի բարդ չէ։ Եթե մենք հաղթենք «Բարսելոնային», ապա Պրիմերայի չեմպիոնության պայքարը նորից կբացվի, և վերջին երեք տուրերում ամեն ինչ կարող է տեղի ունենալ»։

 «Ես դիտեցի «Բարսելոնա»–«Ինտեր» խաղը։ Դա ֆանտաստիկ և հավասար մրցամարտ էր։ Պետք է շնորհավորեմ «ներաձուրներին» և ՊՍԺ-ին՝ ՉԼ-ի եզրափակիչ հասնելու համար։ Եզրափակիչը շատ հետաքրքիր կլինի, որովհետև որևէ թիմ ֆավորիտ չէ»։

 «Ռոդրիգոն լավ վիճակում է, վերադարձել է շարք։ Նա պատրաստ է խաղալ «Բարսելոնայի» դեմ։ Ո՞վ կլինի մեկնարկային կազմում՝ Ռոդրիգո, թե՞ Գյուլեր։ Երկուսն էլ մեզ համար կարևոր են, իսկ ընտրության տարբերակներն ընդհանուր առմամբ քիչ են՝ վնասվածքներով պայմանավորված»։

«Տեսա, որ Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո լքելու է «Բայերը»։ Խաբին արդեն ապացուցել է, որ աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է։ Նա ֆանտաստիկ աշխատանք է տարել գերմանական ակումբում»։

«Իմ երեք ամենաանմոռանալի պահերը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնու՞մ։ ՉԼ-2024-ի, ՉԼ-2022-ի և ՉԼ-2014-ի հաղթանակները։ Դա դժվար չէ։ «Ռեալ Մադրիդը», ինչպես և «Միլանը», հավերժ կմնան իմ սրտում։ Ես ինձ այստեղ շատ հարմարավետ եմ զգում»։

«Իսկ ո՞վ կխաղա պաշտպանությունում, եթե ինչ-որ բան պատահի Ռ. Ասենսիոյի կամ Չուամենիի հետ։ Հակոբոն և Վալյեխոն հնարավոր փոխարինողներից են»։

«Վերջին երկու տարիներին մենք շատ լավ ենք գործում ստանդարտ իրավիճակներում։ Մոդրիչը և Գյուլերը դրանք հիանալի են կատարում, իսկ Չուամենին «երկրորդ հարկում» լուրջ վտանգ է ներկայացնում մրցակցի համար»։

«Ես ամենալավ մարզի՞չն եմ «Ռեալի» պատմության մեջ։ Չգիտեմ։ Սա բացառիկ ակումբ է, որը բացառիկ վերաբերմունքի է արժանի»։


Ամենակարդացված