Հոդվածներ

Անչելոտիների, Ռաուլի ու Արբելոայի ապագայի մասին
27.12.2022
1915 0

Սպասվում է, որ 2023 թվականը բավականին շրջադարձային է լինելու «Ռեալի» համակարգի տարբեր թիմերի մարզիչների համար:

Եթե «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ապագան բավականին պարզ է (մասնագետը ամենաքիչը մինչև 2024 թվականը կմնա ակումբում), ապա նրա մյուս գործընկերների դեպքում այդքան էլ այդպես չէ:

Առաջինը, ում պետք է ուշադրություն դարձնել, Դավիդե Անչելոտին է: «Ռեալի» գլխավոր մարզչի որդին առաջիկայում պետք է մարզչական լիցենզիայի վերջին փուլը հաղթահարի, այդ պատճառով էլ ակումբում կարծում են, որ երիտասարդ մարզիչը կարող է հորից առանձին անհատական կարիերա սկսել: Ամեն դեպքում, դա տեղի չի ունենա մոտակա 2 տարում, քանի որ Դավիդեն ծրագրում է մադրիդյան թիմում մինչև վերջ օգնել հորը:

«Ռեալում» գոհ են Անչելոտի Կրտսերի կատարած աշխատանքից, այդ թվում նաև այն ժամանակ, երբ երիտասարդը հոր բացակայության ժամանակ կարճ ժամանակով ղեկավարեց թիմը: Նրա գլխավոր առավելությունն այն է, որ շատ լեզուների է տիրապետում: Նա ազատ կարող է հաղորդակցվել գերմաներենով, իսպաներենով, անգլերենով, իտալերենով և ֆրանսերենով, ինչը նրան շատ է օգնում ֆուտբոլիստների հետ հաղորդակցվելիս: Բացի այդ, տակտիկական առումով նրա գիտելիքները նույնպես տպավորիչ են:

Ուշադրության է արժանի նաև «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլը: Լեգենդար հարձակվողը երկրորդ թիմը գլխավորում է արդեն 3,5 տարի և նրա ապագան մեծապես կախված է այն հանգամանքից, թե արդյոք նրա գլխավորած թիմը կկարողանա դուրս գալ Սեգունդա այս մրցաշրջանից հետո: Հաջողության դեպքում նրա թեկնածությունը հետագայում լրջորեն կդիտարկեն նաև առաջին թիմի գլխավոր մարզիչ նշանակելիս: Անհաջողության դեպքում, նա կարող է կարիերան շարունակել այլ ակումբում:

Ռաուլի ապագայից է կախված նաև ակադեմիայի մյուս մարզիչների՝ մասնավորապես Արբելոայի ապագան: Նա առաջին տարբերակը կլինի «Կաստիլյայի» գլխավոր մարզչի պաշտոնում: Նրա հիանալի աշխատանքը «Խուվենիլ Ա»-ում և հիանալի հարաբերությունները Պերեսի հետ, կարող են հանգեցնել թիմի նախկին պաշտպանի կարիերայի աճին:


Ամենակարդացված