Հոդվածներ

Էդեն Ազարի հերթական անհետացումը
05.03.2022
2565 0

«Ռեալի» երկրպագուներից շատ քչերն են հավատում Էդեն Ազարին։ Բելգիացին ընթացիկ մրցաշրջանում հնարավոր խաղաժամանակից ստացել է ընդամենը 25%-ը։ Նախորդ տարվա նորյեմբերից Ազարը որևէ վնասվածք չի ստացել, սակայն Կարլո Անչելոտին շարունակում է չվստահել նրան։ 

Լա Լիգայում թիմի վերջին երեք խաղերում բելգիացին ստացել է ընդամենը 13 րոպե խաղաժամանակ։  Վերջին անգամ նա մեկնարկային կազմում տեղ է գտել հունվարի 23-ին կայացած «Էլչեի» դեմ խաղում։ Դրան հաջորդած բոլոր այն խաղերում, որոնց Ազարը մասնակցություն է ունեցել, բավական քիչ խաղաժամանակ է ստացել։ 

Ազարը և Բեյլը հանդիսանում են թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները, սակայն երկուսի դեպքում էլ այդ գումարը չի արդարանում։  Ազարի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2024 թվականին, սակայն ձմռանը խոսակցություններ կային, որ նա հեռանալու է «Ռեալից»։ Բելգիացին հրաժարվեց այդ հնարավորությունից՝ հույս ունենալով, որ կկարողանա վերականգնել իր երբեմնի խաղամակարդակը։ 

«Ռեալի» մարզաշապիկը կրելու առաջին իսկ օրվանից նրա վրա մեծ ճնշում է եղել։ Ռոնալդուի հեռանալուց հետո նա թիմի առաջին թոփ ձեռքբերումն էր, բայց ամեն բան այնպես է փոխվել, որ նույնիսկ փոխարինումներ կատարելու դեպքում նա առաջին տարբերակը չէ։ Հարձակման ձախ եզրում Ազարը պարտվեց մրցակցությունը Վինիսիուսին, իսկ ահա աջ եզրում նախապատվությունը ավելի շատ տրվում է Ասենսիոյին և Ռոդրիգոյին։ 

Ամռանը «Ռեալը» կարող է ձեռք բերել և՛ Մբապեին, և՛ Հոլանդին, ինչը էլ ավելի կբարդացնի բելգիացու իրավիճակը։ Դա անչափ կարևոր փուլ է լինելու նրա համար։  Ամռանը նաև տեղի է ունենալու ԱԱ 2022-ը, որը նույնպես մեծ մարտահրավեր է Ազարի համար։  2021-ի հունիսից ի վեր նա ազգային հավաքականում որևէ ամբողջական հանդիպման չի մասնակցել։ 

Կարևոր խաղ է լինելու նաև «ՊՍԺ»-ի դեմ հանդիպումը։ Եթե Ազարին հաջողվի դուրս գալ խաղադաշտ դու օգնել թիմին նվաճել հաջորդ փուլի ուղեգիր, ապա շատ բան կարող է փոխվել։ Հիմնական խնդիրն այն է, որ երկրպագուներից զատ Ազարին սկսել է չհավատալ նաև թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված