Հոդվածներ

1928-ին «Ռեալ Մադրիդը» Ալբասետեում՝ «Կուրտուա + Մբապե» բանաձևով
14.01.2026
460 0

Առաջին այցը հիմնական կազմով ուղեկցվեց մեծն դարպասապահ Կանդիդո Մարտինեսի և մրցակցի տուգանային հրապարակի «մարդասպան» Վալենտին Գուալի փայլուն խաղով

«Ռեալ Մադրիդը» վերադառնում է Ալբասետե՝ մի քաղաք, որտեղ վերջին անգամ եղել է 2005 թվականի ապրիլին (1։2), սակայն երբեք չի խաղացել գավաթի շրջանակներում և որի ամեն անկյունում զգացվում է մադրիդիզմի շունչը։


Մադրիդի հետքը Ալբասետեում սկսվում է 1925 թվականի օգոստոսից։ Դա ընկերական հանդիպում էր «Paseo de Cubas» մարզադաշտում, որտեղ «սերուցքայինները» հաղթեցին 2։1 հաշվով, սակայն երկրորդ կազմով։ Հիմնական կազմն այդ ժամանակ պատրաստվում էր ակումբի պատմության մեջ առաջին անգամ մեկնել Անգլիա՝ օգոստոսի 31-ին «Նյուքասլի» դեմ խաղալու համար։

Երեք տարի անց՝ 1928 թվականի հունիսի 29-ին և հուլիսի 1-ին, թիմը վերադարձավ չորս օրում երկու խաղ անցկացնելու համար։ Առաջինում հաղթեց Մադրիդը (4։0), իսկ երկրորդում՝ տեղի թիմը (2։0)։

Կանդիդո Մարտինես (Դարպասապահ)

«Կանդիդոյից (թարգմանաբար՝ անմեղ, միամիտ) նա միայն անունն ունի»,- գրում էր այն ժամանակվա մամուլը՝ «Մադրիդի» դարպասապահի մասին։ Կանդիդո Մարտինես Կոլյարը (1889-1960) աչքի էր ընկնում դարպասի գծում իր անվախությամբ, որը երբեմն անցնում էր սահմանները։ Սակայն նրա բախտը չբերեց, քանի որ նրա կարիերան համընկավ լեգենդար Ռիկարդո Զամորայի ժամանակաշրջանի հետ։

Զամորան նրա առջև փակեց հավաքականի դռները։ Երբ «Մադրիդում» 10 մրցաշրջան անցկացնելուց հետո նա մահացավ 1960-ին, «Սանտիագո Բեռնաբեուն» չմոռացավ նրան. «Ռեալը» դաշտ դուրս եկավ սև թևկապներով՝ ի հիշատակ մեծ դարպասապահի։

Վալենտին Գուալ (Ռմբարկու)

Այն չորս գոլերից, որ «Մադրիդը» խփեց Ալբասետեում, երրորդի հեղինակը Վալենտին Գուալն էր՝ արտակարգ ռմբարկու, ով ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրեց «Արքայական ակումբում»։ Այդ կարճ ժամանակահատվածում նա գրանցեց անհավանական արդյունավետություն՝ մեկ խաղում միջինը 1,46 գոլ (22 գոլ 15 պաշտոնական խաղում)։


Գուալը ժամանել էր «Մադրիդ» զինվորական ծառայություն անցնելու (նավատորմում) և դարձավ թիմի հարձակման առաջատարը, երբ անհրաժեշտ էր փոխարինող գտնել հենց Սանտիագո Բեռնաբեուին (որպես խաղացող)։ Նա ուժային հարձակվող էր, ով ասում էր. «Ես կոշտ եմ խաղում, բայց ոչ մրցակցին վնասելու, այլ թիմիս օգտակար լինելու համար»։

1928-ի գարնանը Գասպար Ռուբիոյի տրանսֆերը ստիպեց Գուալին հեռանալ թիմից, չնայած նրա փայլուն վիճակագրությանը։ Նա մնաց Մադրիդում՝ այլ թիմերում խաղալու, բայց աստիճանաբար նրա հետքը կորավ։ Մի տղա, ով եկել էր մայրաքաղաք ֆուտբոլ խաղալու և իր հիմնական մասնագիտությամբ՝ որպես դերձակ աշխատելու երազանքով։


Ամենակարդացված