Խաբի Ալոնսոյի «Ռեալը» ձգտում է կրկնել Դել Բոսկեի 2000 թվականի կամ Զիդանի 2016-ի հաջողությունը
Մադրիդի «Ռեալը» 2025 թվականն ավարտեց հաղթանակով, սակայն «Սանտիագո Բեռնաբեուում» «Սևիլյայի» նկատմամբ տոնած 2։0 հաշվով հաղթանակն ավելի շատ «յուղ լցրեց կրակի վրա», քան թե բուժիչ ազդեցություն ունեցավ այն լարվածության մեջ, որում «Արքայական ակումբն» ապրում է արդեն շաբաթներ շարունակ։
«Սևիլյային» հաղթելուց հետո Խաբի Ալոնսոյի խոսքերը՝ «հիմա մենք գնում ենք արձակուրդ», ավելի շատ թեթևացած շունչ քաշելու տպավորություն թողեցին, քան տոնակատարության։ Դա զինադադարի ցանկություն էր մի շաբաթից հետո, երբ նրա անունն ու աշխատանքը հայտնվել էին քննադատությունների կիզակետում՝ վերլուծելով մի թիմի խնդիրները, որը կայունությունից անցում կատարեց անորոշության։
2026 թվականին «Մադրիդի» նավը բախվելու է փոթորկոտ ծովերի։ Առաջինը «Բետիսն» է, որն իր 14 արտագնա խաղերում անպարտելի է՝ եզակի դեպք եվրոպական էլիտայում։ Այնուհետև սուպերգավաթի կիսաեզրափակիչն է «Ատլետիկոյի» դեմ՝ այն մրցակցի, որը բացեց առաջին ճեղքը «Մետրոպոլիտանոյում» տոնած 5։2 հաշվով հաղթանակով։
Չնայած լավատեսությունը սպառվել է, Խաբի Ալոնսոյի «Ռեալը» կձգտի արմատական փոփոխություններ կատարել։ Ակումբի հարուստ պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ վատ ավարտված տարիներին հաջորդել են պատմական հաջողությունները։ Ամենաթարմ օրինակը 2015-ից 2016 թվականների անցումն է։
«Ռեալը» վատ վիճակում էր 2015-ին՝ Ռաֆա Բենիտեսի օրոք։ Արդյունքներն ինքնին վատը չէին՝ 24 խաղում ընդամենը երեք պարտություն, թեև դրանցից մեկը Լա Լիգայում «Բարսելոնայից» կրած 4։0 հաշվով ջախջախումն էր։ Սակայն մարզչի և թիմի, ինչպես նաև նախագահի ու մարզչի միջև կապի բացակայությունն ակնհայտ էր։ Այս անտանելի մթնոլորտին գումարվեց արքայական գավաթից դուրս մնալը՝ Դենիս Չերիշևի սխալ գրանցման (որակազրկված լինելու) պատճառով։
Բենիտեսը դիմացավ մինչև Սուրբ Ծնունդ, բայց հունվարի 4-ին հեռացվեց։ «Մեստալյայում» գրանցված 2։2 հաշվով ոչ-ոքին դարձավ նրա վերջաբանը։ Ընտրյալը Զիդանն էր, ով իր նորամուտը նշեց «Դեպորտիվոյի» նկատմամբ 5։0 հաշվով հաղթանակով։
Զիդանի գլխավորությամբ «Մադրիդը» կարողացավ մինչև վերջին տուրը պայքարել Լա Լիգայի համար և Միլանում հռչակվեց Չեմպիոնների լիգայի հաղթող՝ առավելության հասնելով «Ատլետիկոյի» նկատմամբ։ Բայց ամենակարևորն այն էր, որ դա մի ամբողջ դարաշրջանի թիմի սկիզբն էր․ նվաճվեց երեք անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթ՝ մի բան, որ չէր տեսնվել 1970-ականների «Այաքսի» և «Բավարիայի» ժամանակներից ի վեր։
Չորրորդը ներքևից՝ դեկտեմբերի 4-ին
«Ռեալը» Եվրոպայի չեմպիոն դարձավ նաև 2000 թվականին։ Ութերորդ գավաթը Փարիզում «Վալենսիայի» դեմ նվաճվեց Դել Բոսկեի գլխավորությամբ։ Նրա հետ «Մադրիդը» ստիպված էր դիմակայել մի իրավիճակի, որն այսօր ֆանտաստիկա է թվում։ Դեկտեմբերի 4-ին, 14 խաղից հետո և «Սարագոսայից» 5։1 հաշվով կրած պարտությունից հետո, թիմը աղյուսակի վերջից չորրորդն էր՝ «Վալյադոլիդից» ընդամենը մեկ միավորով առաջ։
Դել Բոսկեն ստանձնեց պաշտոնը նոյեմբերի կեսերին Տոշակի հեռացումից հետո, ով հայտնի դարձավ իր թևավոր խոսքով. «Ավելի մեծ է հավանականությունը, որ խոզը կթռչի «Բեռնաբեուի» վրայով, քան ես հետ կկանգնեմ իմ խոսքից»։ Արդյունքում «Մադրիդը» Լա Լիգան ավարտեց 5-րդ տեղում, բայց դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Ինքնակառավարում
Այս երկու կտրուկ փոփոխությունները տեղի ունեցան մարզչական փոփոխությունից հետո։ Սակայն եղել է նաև այլ փորձ։ 1998-ին, Յուպ Հայնկեսի օրոք, թիմը նույնպես դարձավ Եվրոպայի չեմպիոն (առաջինը 1966-ից ի վեր), չնայած մարզիչը կորցրել էր վերահսկողությունը հանդերձարանի նկատմամբ։
Պրեդրագ Միյատովիչը MARCA-ին պատմել է մի ուշագրավ դեպք. «Եկավ մի պահ, երբ Հայնկեսը հանդիպում նշանակեց առաջատարների՝ Հիերոյի, Սանչիսի, Ռաուլի և Ռեդոնդոյի հետ։ 19-ամյա Ռաուլը մոտեցավ գրատախտակին ու սկսեց բացատրել, թե ինչպես պետք է խաղանք։ Մենք նայում էինք նրան ու մտածում՝ «տղա ջան, նստիր տեղդ, այստեղ մարզիչ կա», բայց հենց այդ պահին հասկացանք, որ իրականում մարզիչ չկա»։ Այդ տարի թիմը հաղթեց Չեմպիոնների լիգան ավելի շատ «ինքնակառավարման» շնորհիվ։
Խաբիի օգտին խոսում է այն փաստը, որ «Մադրիդը» բազմիցս է կարողացել ճգնաժամը վերածել տոնակատարության։ Մյուս կողմից, դա հազվադեպ է հաջողվել առանց մարզչական փոփոխության։