«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարծիք է հայտնել, որ Մադրիդի «Ռեալում» պարբերաբար խոսում են «կապտանռնագույնների» մասին՝ հանրության ուշադրությունը «սերուցքայինների» խնդիրներից շեղելու համար:
«Ուրախությունը վերադարձել է «Բարսելոնա», և նրանք ստիպված են խոսել միայն «Բարսայի» մասին, որպեսզի շեղեն ուշադրությունը սեփական թերություններից: Ես դեռ ժամանակ կունենամ խոսել այդ մասին ավելի ուշ:
Ոչ հիմա և ոչ այստեղ, այլ ավելի հանգիստ միջավայրում, քանի որ կարծում եմ՝ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից», - Լապորտայի խոսքերն է մեջբերում AS-ը:
Ավելի վաղ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Նեգրեյրայի գործն անվանել էր ֆուտբոլի պատմության ամենալուրջ սկանդալը:
Համառոտ նախապատմություն
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Բարսելոնային» մեղադրանքներ առաջադրվեցին կաշառակերության համար՝ կապված մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրային կատարված վճարումների հետ:
Վերջինս աշխատում էր Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայում (RFEF): Ըստ մեղադրանքի՝ «Բարսելոնան» 2001-ից 2018 թվականներին նրան վճարել է շուրջ 8,4 միլիոն եվրո:
Կատալոնական ակումբի վարկածով՝ Նեգրեյրան վարձվել էր որպես արտաքին խորհրդատու՝ մրցավարության վերաբերյալ տեխնիկական հաշվետվություններ կազմելու համար: CTA-ի նախկին փոխնախագահը հերքում է, որ իրեն կաշառել են մրցավարների վրա ազդելու նպատակով:
Հայերեն