Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Զալցբուրգի» հետ և հաղթեց 3։0 հաշվով։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը։
«Ինձ գոհացնում է թիմի համատեղ աշխատանքը։ Երկրորդ կեսում կա մի դրվագ, երբ գնդակի կորստից հետո թիմի հետընթացը պարզապես տպավորիչ էր, և դա է կարևոր՝ բոլորի նվիրումը։ Առանց դրա այսօր անհնար է հաղթել»։
«Աշխարհի ակումբային առաջնությունում դեռ երկար ճանապարհ ունենք։ Հիմա մեզ սպասում է «Յուվենտուսը» 1/8 եզրափակչում։ «Յուվենտուսը» «Յուվենտուս» է։ Ես լիովին հարգում եմ այդ ակումբին, և մենք պետք է լավ պատրաստվենք այդ խաղին։
Կամ շարունակում ես, կամ տուն ես գնում, այդ պատճառով պետք է պատրաստ լինել։ Բայց ես ավելի գոհ եմ այսօրվա հանդիպումից, քան «Ալ Հիլյալի» հետ խաղի առաջին կեսից։ Մեր առջև նոր դարաշրջան է, և մենք փոփոխություններ ենք անում միաժամանակ շատ լուրջ մրցաշարում։ Մինչ այժմ հստակ ենք եղել մեր ռազմավարության հարցում, բայց դեռ շատ բան կա բարելավելու»։
Երեք կենտրոնական պաշտպաններով խաղալու համակարգը
«Իմ գլխում միշտ եղել է խաղային համակարգերի նկատմամբ ճկունությունը։ Ֆուտբոլիստներն արդեն բավական խելացի են հասկանալու այս համակարգի դրական և բացասական կողմերը։ Այն մեզ տվել է կայունություն, հասունություն և խաղի վերահսկողություն։
Վինի Ժունիորի հիանալի հանդիպումը
«Վինին հիանալի խաղ անցկացրեց։ Չեմ առանձնացնում միայն գոլն ու գոլային փոխանցումը, այլ նաև նրա պաշտպանական աշխատանքը՝ ինչպես էր միանում թիմին, չէր մնում առջևում մեկուսացած... Դա մեզ թույլ տվեց միասնական խաղալ, իսկ հարձակման գծում նա ազատություն ուներ՝ լավ տեղաշարժվում էր տուգանային հրապարակում և համագործակցում էր Գոնսալոյի հետ, որը շատ էր ծանրաբեռնում կենտրոնական պաշտպաններին։ Նա դուրս եկավ դաշտից լավ զգացողությամբ։ Ես նույնպես ինձ այդպես եմ զգում, բայց պետք է շարունակենք, քանի որ դեռ երկար ճանապարհ կա»։
Վինի Ժունիորի և Մբապեի համագործակցությունը
«Վինին կարող է գործել դրսից, իսկ Մբապեն՝ ներսից։ Մենք պետք է ունենանք հավաքական որակ, որպեսզի խաղացողները լավ աջակցություն ստանան և ամեն մեկը կարողանա օգուտ քաղել ընդհանուր համակարգից»։
Մբապեի վերադարձը
«Մենք ցանկանում ենք, որ նա հնարավորինս շուտ վերադառնա՝ լավագույն վիճակում։ Չեմ ուզում չափից շատ լավատես լինել և կանխատեսումներ անել երեքշաբթիի համար, բայց մեզ պետք է նա, որովհետև թոփ ֆուտբոլիստ է, աշխարհի լավագույններից։ Հուսով ենք՝ շուտով կունենանք նրան»։
Ծանո՞թ էր Գոնսալոյին
«Շատ լավ ծանոթ էի։ Ես ուշադիր հետևել եմ «Կաստիլյային» և նրա խաղացողներին։ Այդքան էլ չեմ զարմանում։ Նա այն տիպիկ 9 համարն է, որը շատ բաներով հիշեցնում է Ռաուլին՝ միշտ լավ տեղում է և աշխատասեր։ Մենք նրանից ավելիին ենք սպասում և աշխատում ենք, որ նա առաջադիմի։ Հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ դեռ որոշում չկա։ Այժմ ամբողջ ուշադրությունը Աշխարհի ակումբային առաջնության վրա է։ Մրցաշարը շատ բան է հուշում, բայց որոշում դեռ չկա»։
Ռյուդիգերի փոփոխությունը
«Ոչ մի լուրջ բան։ Սա նրա առաջին մեկնարկային խաղն էր։ Նա հաճախ է խաղացել երեք կենտրոնական պաշտպաններով՝ «Չելսիում» գտնվելու ժամանակ։ Այս համակարգը մեզ տալիս է տարբերակներ և ճկունություն։ Այն մեզ ապահովում է կոլեկտիվ որակ»։
Էնդրիկի վերականգնումը
«Նա վերականգնման փուլում է, բայց ցանկանում ենք, որ հնարավորինս շուտ միանա։
ԱՄՆ-ի երկրպագուները
«Մենք այստեղ եկել ենք շատ տարիներ և գիտենք, թե որքան սիրված է «Ռեալ Մադրիդը» ԱՄՆ-ում, ինչպես նաև Հարավային Ամերիկայում ու Ասիայում։ Դա այս ակումբի մեծությունն է, և մենք շատ շնորհակալ ենք։ Մենք մեզ զգում էինք ինչպես տանը։ Դա հաճելի էր»։