Հոդվածներ

Ձախ պաշտպանի դիրքի առաջնային թեկնածուն
15.06.2022
2498 0

Չուամենիին թիմ հրավիրելուց հետո հարցական է միայն ձախ պաշտպանի դիրքն ու հարձակվողի անհրաժեշտությունը։

Բենզեմային փոխարինողի հարցում «Ռեալը» չի շտապի և, հնարավոր է, կսպասի մինչև ձմեռ։ Ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա այդ գիծն ամբողջովին լրացված է համարվում, սակայն մարզչական շտաբն ու ղեկավարությունը վերջնական որոշում չունեն այդ հարցում։

Ակումբում կարծում են, որ Ռյուդիգերի գալուց հետո Ալաբան ձախ պաշտպանի դիրքի առաջնային թեկնածուն է։

Ինչ վերաբերում է Մենդիին, ապա նա չնայած տրանսֆերի հանված չէ, սակայն եթե «Ռեալը» լավ առաջարկ ստանա, ապա կդիտարկի այն։ Այնուամենայնիվ, այս պահին «սերուցքայինները» չեն ցանկանում բաժանվել 26-ամյա ֆրանսիացուց, քանի որ նա Անչելոտիի վստահությունն է վայելում։

Մարսելոյի հեռանալուց հետո ձախ պաշտպանի դիրքը համալրման կարիք է զգում և ակումբը դիտարկում է Ֆրան Գարսիային վերադարձնելու տարբերակը, որի նկատմամբ «Ռեալը» պահպանել է 50 տոկոս տրանսֆերային իրավունքները և կարող է գնել 5 մլն եվրոյի դիմաց։ Հիմա ամեն ինչ այդքան էլ ակնհայտ չէ, չնայած «Ռեալը» չի բացառում Գարսիայի գալը։ «Սերուցքայինների» մարզչական շտաբը գոհ է «Ռայո Վալյեկանոյում» նրա ցուցադրած ելույթներից։

Միգելը, ամենայն հավանականությամբ, կհանձնվի վարձակալության։ «Ռեալում» ցանկանում են, որ նա աճ գրանցի ու բավարար խաղաժամանակ ստանա։

Ինչ վերաբերում է պաշտպանության աջ եզրին, ապա իրավիճակը հետևյալն է. Կարվախալը հիմնական կազմի ֆուտբոլիստ է, Լուկասը՝ նրան փոխարինողը։  Բացի այդ, մարզչական շտաբն ու ակումբի ղեկավարությունը պետք է Օդրիոսոլայի հարցում որոշում կայացնեն, որը վերադառնում է վարձակալությունից։


Ամենակարդացված