• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ»՝ 4-3. Թրիլլերի երկրորդ մասը կկայանա Մադրիդում (տեսանյութ)

Հոդվածներ

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ»՝ 4-3. Թրիլլերի երկրորդ մասը կկայանա Մադրիդում (տեսանյութ)
26.04.2022
3944 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» Անգլիայում 3-4 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին»:

Հանդիպման հաշիվը հենց խաղասկզբում՝ 2-րդ րոպեին, բացեց Կևին դե Բրույնեն: 11-րդ րոպեին Գաբրիել Ժեզուշն «Արքայական ակումբին» դրեց բարդ դրության մեջ՝ խփելով իր թիմի երկրորդ գնդակը:

33-րդ րոպեին Կարիմ Բենզեման մոգական հպումով խաղ վերադարձրեց թիմին: Ակումբներն ընդմիջման գնացին 2-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 8 րոպե անց Ֆիլ Ֆոդենը գլխի անվրեպ հարվածով հաշիվը դարձրեց 3-1: Ընդամենը երկու րոպե անց «Ռեալի» երիտասարդ վինգեր Վինիսիուսն անզուգական խաբքով խաղադաշտի կենտրոնում գնդակն անցկացրեց Ֆերնանդինյոյի ոտքերի արանքով ու, միայնակ առաջ ընթանալուց հետո մտնելով մրցակցի տուգանային հրապարակ, ևս մեկ գնդակ հետ բերեց «Ռեալի» համար:

74-րդ րոպեին Բեռնարդու Սիլվայի ֆանտաստիկ ձախը կրկին երկու գնդակի տարբերության հասցրեց թիմերին, սակայն վերջնական խոսքն ասաց փառահեղ մրցաշրջան անցկացնող Կարիմ Բենզեման, որը 83-րդ րոպեին 11-մետրանոցից «Պանենկա» ոճով հարվածով ձևակերպեց խաղի վերջնահաշիվը՝ 4-3 հօգուտ մանչեսթերյան թիմի:

Պատասխան խաղը կկայանա մայիսի 4-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում:

ՉԼ, կիսաեզրափակիչ, 1-ին խաղ

«Մանչեսթեր Սիթի» 4-3 «Ռեալ Մադրիդ»

Գոլերը՝ 1-0՝ Դե Բրույնե 2՛, 2-0՝ Ժեզուշ 11՛, 2-1՝ Բենզեմա 33՛, 3-1՝ Ֆոդեն 53՛, 3-2՝ Վինիսիուս 55՛, 4-2՝ Բեռնարդու Սիլվա 74՛, 4-3՝ Բենզեմա 83՛, 11մ:





Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված