Հոդվածներ

Վինիսիուս. «Չեմ ուզում, որ ինձ սուլեն «Բեռնաբեուում»
21.01.2026
344 0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 6։1 հաշվով հաղթեց «Մոնակոյին»։

«Սերուցքայինների» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետխաղյա հարցազրույցը

«Վերջին մի քանի օրերը շատ ծանր էին ինձ համար՝ երկրպագուների սուլոցների և այն ամենի պատճառով, ինչ նրանք ասում են իմ մասին:

Ես միշտ ուշադրության կենտրոնում եմ հայտնվում դաշտից դուրս տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Բայց ես ուզում եմ ուշադրության կենտրոնում լինել միայն այն ամենի համար, ինչ անում եմ դաշտում, և այն ամենի համար, ինչ արել եմ այս ակումբի համար:

Այսպես թե այնպես, խաղընկերներս վերջին օրերին ինձ շատ են աջակցել: Ես էլ եմ մարդ, ինձ տխրեցնում են իմ մասին ուրիշների ասած խոսքերը: Բարեբախտաբար, մենք՝ ֆուտբոլիստներս ամեն 2-3 օրը մեկ հնարավորություն ունենք ապացուցելու մեր արժեքը:

Եվ ես միշտ փորձում եմ ներդնել իմ 100%-ը «Մադրիդի» մարզաշապիկի համար: Ես ամեն օր պետք է համապատասխանեմ «Մադրիդի» պահանջներին: Երբ ես դաշտում գնդակի հետ շփվելու ավելի շատ հնարավորություններ ունենամ, դա դրական կազդի ինձ վրա:

Քննադատությունն իմ խաղի մակարդակի վերաբերյա՞լ: Ես գիտեմ իմ պոտենցիալը և գիտեմ, թե ինչի կարող եմ հասնել: Ես չեմ ուզում, որ ինձ սուլեն իմ տանը, որտեղ ես ինձ ամենահարմարավետն եմ զգում: Թեև երկրպագուներն իրավունք ունեն անել այն, ինչ ուզում են, ես չեմ հասկանում նրանց որոշ գործողություններ, դա ինձ շատ ցավեցրեց և տխրեցրեց:

Իմ ապագա՞ն: Ես ուզում եմ երկար մնալ «Մադրիդում», այս ակումբն ինձ շատ բան է տվել: Ես ուզում եմ շարունակել խաղալ «Մադրիդում», որպեսզի զարգանամ:

Իմ պայմանագրի ժամկետն ավարտվում է միայն 2027 թվականի ամռանը, ուստի մենք շատ հանգիստ ենք: Ես վստահում եմ Պերեսին, իսկ նա վստահում է ինձ, ես նրա հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Մենք ամեն ինչ կհարթենք ճիշտ ժամանակին, մենք ոչ մի տեղ չենք շտապում:

Ամեն դեպքում, մեզ պետք է մեր երկրպագուների աջակցությունը, որպեսզի կարողանանք վերադառնալ բնականոն կյանքին: Եթե մենք միասին լինենք, կարող ենք շատ բանի հասնել այս մրցաշրջանում: Մենք մեկ ընտանիք ենք:

Ինձ մեղադրում են Ալոնսոյի հեռացման մեջ ներգրավված լինելու մե՞ջ: Դա ճիշտ չէ: Ես չեմ կարող նման բան անել: Ես պարզապես ֆուտբոլ եմ խաղում և ներդնում եմ ուժերիս առավելագույնը դաշտում

Իմ պաշտպանողական գործողություննե՞րը: Երբ պետք է պաշտպանվել, ես փորձում եմ անել դա: Բայց, իհարկե, ես «Մադրիդի» լավագույն պաշտպանը չեմ (ծիծաղում է), պաշտպանական գործողությունների համար կան այլ ֆուտբոլիստներ:

Սակայն մամուլում գրում են այն, ինչ ուզում են, իսկ երկրպագուները կարդում են դա և կարծում, թե կարդացածի պատճառով պետք է սուլեն և քննադատեն ինձ: Ամեն դեպքում, «Մադրիդի» երկրպագուները լավագույնն են աշխարհում: Ես միշտ պետք է լինեմ իմ լավագույն մարզավիճակում:

Իմ գո՞լը: Դա շատ գեղեցիկ պահ էր: Այսօր ես շատ ասիստներ կատարեցի, և խաղընկերներս խաղի ընթացքում ինձ ասում էին, որ ես նույնպես պետք է գոլ խփեմ»: