• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալվարո Արբելոա. «Ռեալ Մադրիդը» միշտ Չեմպիոնների Լիգայի ֆավորիտն է»

Հոդվածներ

Ալվարո Արբելոա. «Ռեալ Մադրիդը» միշտ Չեմպիոնների Լիգայի ֆավորիտն է»
21.01.2026
407 0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 6։1 հաշվով հաղթեց «Մոնակոյին»։

«Սերուցքայինների» մարզչի հետխաղյա մամուլի ասուլիսը

«Մենք հաղթեցինք «Մոնակոյին»՝ խաղացողների վարպետության և նվիրվածության շնորհիվ: Նրանք թիմի շահերը վեր դասեցին իրենց անձնական շահերից: Ինձ համար մեծ հաճույք է աշխատել նման սաների հետ:

Այսօրվա հաղթանակը նոր գլխավոր մարզչի աշխատանքի հետևանքը չէ: Մեր ֆուտբոլիստները հաճույք ստացան խաղից, և դա հենց այն է, ինչ մենք ուզում ենք տեսնել»:

«Մադրիդի» հաջողության գաղտնի՞քը: Այս ակումբում հարցը տակտիկան կամ խաղային սխեմաները չեն, այլ կրքի, ինքնազոհողության և մարտական բնավորության: Եվ այսօր թիմն ապացուցեց, որ երբ նա հոգեբանորեն կենտրոնացած է, ոչ ոք չի կարող կանգնեցնել նրան»:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վալվերդեին և Կամավինգային այն բանի համար, որ նրանք հանուն թիմի բարօրության խաղացին ոչ իրենց հարազատ դիրքերում:

Ինչու ես փոխարինեցի Էդուարդոյին՝ «Լևանտեի» դեմ խաղի ընդմիջմա՞նը: Առաջին խաղակեսում մենք բոլորս մեզ վատ դրսևորեցինք, ուստի ես ցանկանում էի թարմ ուժեր ներարկել մեր խաղին: Այսպես թե այնպես, Կամավինգան անհավանական ֆուտբոլիստ է, և դա նորություն չէ ոչ մեկի համար»:

 «Իմ գրկախառնությունը Վինիսիուսի հետ՝ նրա գոլից հետո՞: Ինձ թվում է՝ նա գրկեց ոչ միայն ինձ, այլ նաև «Մադրիդի» բոլոր երկրպագուներին: Մեզ հենց այսպիսի Վինիսիուս է պետք, եթե ուզում ենք հաղթել բոլոր տիտղոսները: Բացի այդ, մեզ պետք է նաև ամբողջ «Բեռնաբեուի» աջակցությունը, քանի որ այն մեզ ավելի ուժեղ է դարձնում:

Այս երեկոն հիանալի ստացվեց և՛ Վինիսիուսի, և՛ ամբողջ «Բեռնաբեուի» համար: Վինիսիուսի համար կարևոր էր զգալ, որ մադրիդիստները սիրում և գնահատում են իրեն: Երբ նա զգում է երկրպագուների աջակցությունը, նրան հնարավոր չէ կանգնեցնել»:

«Ով է Չեմպիոնների Լիգայի ֆավորի՞տը: Մենք «Ռեալ Մադրիդն» ենք և միշտ այս տիտղոսը նվաճելու ֆավորիտն ենք: ՉԼ-ն «Մադրիդի» մրցաշարն է, բայց, ակնհայտ է, որ այս մրցաշարում հանդես են գալիս նաև այլ թոփ թիմեր: Մեզ դեռ երկար ճանապարհ է սպասվում ՉԼ-ում հաղթելու համար»:

«Բելինգհեմի տոնակատարությո՞ւնը (հղում անելով սոցցանցերում նրա՝ ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին լուրերին): Գաղափար չունեմ, թե նա ինչ նկատի ուներ: Քանի դեռ խաղացողները գոլեր են խփում, նրանք կարող են տոնել դրանք ինչպես ուզում են (ծիծաղում է)»:

«Մբապեի և Վինիսիուսի աշխատանքը պաշտպանությունո՞ւմ: Նրանք հիանալի են պաշտպանվում, բայց, անկեղծ ասած, մենք ավելի շատ կցանկանայինք, որ նրանք թարմություն պահպանեին հարձակողական գործողությունների համար:

Ես իսկապես ուզում եմ, որ նրանք լինեն թիմի մի մասը դաշտում, մնան համախմբված և միասնական, բայց միևնույն ժամանակ ցանկանում եմ, որ Վինիսիուսն ու Կիլիանը մնան լավ ֆիզիկական վիճակում և կարողանան գոլեր խփել»:

«Որոշ երկրպագուներ սուլեցի՞ն Վինիսիուսին, բայց ծափահարեցին մեր մյուս ֆուտբոլիստների՞ն: Ես տեսա, թե ինչպես է ամբողջ «Բեрնաբեուն» լիովին նվիրված մեր խաղացողներին՝ ոչ միայն Վինիսիուսին, այլև Բելինգեմին ու Մբապեին: Կարծում եմ՝ բոլոր ֆուտբոլիստներն էլ հսկայական ջանքեր են գործադրում դաշտում»:

«Զիդանի հաջողությունը «Մադրիդի» ղեկի՞ն: Նա հասել է բացառիկ արդյունքի: Ոչ ոք չի կրկնի Զինեդինի նվաճումները Չեմպիոնների Լիգայում»:

«Բրահիմի վրիպումը 11-մետրանոցից Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակչո՞ւմ: Նա բացառիկ մրցաշար անցկացրեց: Եթե Մարոկկոյի հավաքականը խաղացել է եզրափակչում, ապա հիմնականում Բրահիմի շնորհիվ: Վաղը մենք բոլորս հանգստյան օր կունենանք, բայց հետո նա կվերադառնա մարզումներին մեզ հետ միասին:

Ակնհայտ է, որ մենք բոլորս ուզում ենք ողջունել և գրկել Բրահիմին: Մեր խաղաոճի շնորհիվ նա կարող է հարմարվել տարբեր դիրքերում հանդես գալուն»:

«Ես ինձ հիանալի եմ զգում, համակված եմ երջանկությամբ և մեծ խանդավառությամբ: Ես շատ ուրախ եմ խաղացողների, երկրպագուների, «Ռեալ Մադրիդի» համար, ընդհանուր առմամբ՝ բոլորի համար: Երբ մենք նման խաղ ենք անցկացնում, բոլորը երջանիկ են, այդ թվում՝ ես:

Պատճառներից մեկը, թե ինչու որոշեցի զբաղվել մարզչական աշխատանքով, ֆուտբոլիստներին օգնելու ցանկությունն է՝ օգտագործելով իմ սեփական փորձը: Երբ մեզանից յուրաքանչյուրը դրսևորում է իրեն նույն մակարդակի վրա, ինչ «Մոնակոյի» հետ խաղում, ես երջանիկ եմ»: