Իսպանիայի առաջնության 21–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի շրջանակներում տանը կմրցի «Մոնակոյի» հետ։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի նախախաղյա մամուլի ասուլիսը։
«Մենք կանենք ամեն ինչ՝ Չեմպիոնների լիգան և Լա լիգան հաղթելու համար: Մենք մոտիվացված ենք և հավակնոտ»:
«Թիմը կարգին է: Նրանք լի են խանդավառությամբ»:
«Վինիսիո՞ւսը: Այն, ինչ նա է ուզում, և այն, ինչին ես հույս ունեմ ու մաղթում եմ, դա «Բեռնաբեուի» աջակցությունն է բոլոր խաղացողներին և, նախևառաջ, հենց Վինիսիուսին: Նա արդեն երկար տարիներ այստեղ իր պատմությունն է գրում: Նա մեզ պարգևել է Չեմպիոնների լիգայի երկու կախարդական տիտղոս. նա առանցքային խաղացողների թվում էր այդ տիտղոսները նվաճելիս:
Եվ նրան պետք է «Բեռնաբեուի» աջակցությունը՝ իր լավագույն կողմերը դրսևորելու համար: Նա ունի հսկայական սիրտ և շատ էմոցիոնալ է. նրա ֆուտբոլը արտացոլում է դա: Որպես մարզիչ՝ ես կցանկանայի տեսնել «Բեռնաբեուի» աջակցությունը Վինիսիուսին և իմ բոլոր խաղացողներին»:
«Վինին և Ջուդը լավագույններից են աշխարհում: Եվ նրանց պետք է երկրպագուների աջակցությունը՝ իրենց լավագույնս դրսևորելու համար»:
«Ֆեդե Վալվերդեն մադրիդիստ է, մարտիկ և մի մարդ, ով պատրաստ է մեռնել այս մարզաշապիկի համար: Եվ նա դա ապացուցել է տարիներ շարունակ»:
«Որպես ակումբի սան, որպես խաղացող և, առաջին հերթին, որպես մարզիչ՝ ես հսկայական հարգանք եմ տածում երկրպագուների և նրանց՝ սեփական կարծիքն այնպես արտահայտելու իրավունքի հանդեպ, ինչպես նրանք հարկ կհամարեն: Սուլոցները թուլացնում են թիմը, թուլացնում են «Ռեալ Մադրիդը»: Ես գիտեմ, որ կա «Մադրիդին» թուլացնելու արշավ, և գիտեմ, թե ովքեր են կանգնած այդ արշավների հետևում: Ինձ նրանք չեն խաբի»:
«Չի կարելի հավատալ այն ամենին, ինչ գրում է մամուլը: Բայց մենք հակառակ պատկերն ենք տեսնում՝ դժվար ժամանակներում մամուլի ցանկացած հրապարակում կասկածի չի ենթարկվում»:
«Տեսնում եմ՝ ձեզ շատ է անհանգստացնում երկրպագուների սուլոցը. դուք հարցնում եք այդ մասին: Ես գիտեմ, թե ինչպիսին են լինում երկրպագուները «Բեռնաբեուում»: Ես այդ մասին ասել եմ խաղացողներին: Եթե մեկը արդար է, ապա դա «Բեռնաբեուի» երկրպագուն է: Նրանք ցանկանում են տեսնել խաղի այն ոճը, որն իրենց դուր է գալիս, և մենք աշխատում ենք դրա վրա: Մենք գիտենք, որ նրանք լինելու են մեր կողքին: Երկրպագուները ցանկանում են տեսնել իրենց թիմը»:
«Կառլոն (Անչելոտի) եղել է «Բեռնաբեուո՞ւմ»: Նույնիսկ չի բարևել (ծիծաղում է): Հուսով եմ վաղը կտեսնեմ նրան: Եվ հույս ունեմ տեսնել նրան մեր հանդերձարանում: Նրա հաշվին են գրանցված ակումբի պատմության ամենաշատ տիտղոսները: Կառլոն լեգենդ է»:
«Վինիսիուսը կլինի դաշտում, քանի դեռ նա հասանելի է և ցուցադրում է իր խաղամակարդակը: Նա ֆանտաստիկ, բացառիկ ֆուտբոլիստ է: Որպես «Մադրիդի» մարզիչ՝ եթե ես ուզում եմ մրցաշարերում հաղթելու գոնե մի շանս ունենալ, նա ինձ պետք է: Ինձ պետք է Վինիսիուսը դաշտում»:
«Դուք ինձնից այլ պատասխաններ չեք լսի նույն հարցերին, որոնք կրկնվում են անընդհատ: Շնորհակալություն մամուլի ասուլիսի համար»: