Հոդվածներ

«Ֆլորենտինո՛, հրաժարական» և սուլոցներ Վինիսիուսին
18.01.2026
122 0

Ալֆրեդո Ռելանյոյի կարծիքը

Խաղի գլխավոր հետաքրքրությունը «Բեռնաբեուի» դատավճիռն իմանալն էր: Մարզադաշտի ձայնը վերջերս կեղծվում է «Սպիտակ խալաթների լիգայի» (Ֆլորենտինոյի անվան ֆան-ակումբի) կողմից, որոնք զբաղեցնում են երկրպագուների տրիբունան, սակայն երեկ մարզադաշտի հիմնական զանգվածի զայրույթն ավելի հզոր էր, քան նրանց երգերը:

Մեկնարկային կազմի ընթերցման ժամանակ ուժգին սուլոցներ հնչեցին Վալվերդեի, Բելինգեմի և Վինիսիուսի հասցեին, որոնք կասկածվում են Խաբի Ալոնսոյին անհանգստացնելու (խանգարելու) մեջ, ինչպես նաև Հաուսենին՝ հավանաբար իր սկզբնական խաղի համեմատ անկում գրանցելու համար:

Եվ ամենակարևորը՝ հնչեց հզոր և բազմիցս կրկնվող «Ֆլորենտինո՛, հրաժարական» վանկարկումը: Սա կենտրոնացնում է դժգոհությունը՝ կապված թիմի կազմի հավաքագրման, Խաբի Ալոնսոյի նկատմամբ վատ վերաբերմունքի և, որպես վերջաբան, ակումբը սոսիոներից (անդամներից) խլելու և օտարելու պլանի հետ: Դա մի աղոտ նախագիծ է, որը նախագահը պատրաստում է երկրպագուների թիկունքում՝ իրեն հավատարիմ մամուլի միջոցով հարցումներ անելով, թեև այդ մամուլի աջակցությունը սկսում է նվազել:

Հետո սկսվեց խաղը: Ո՛չ կազմով, ո՛չ խաղաոճով թիմը չէր տարբերվում Խաբի Ալոնսոյի թիմից: Նույն խաղացողները՝ խաղալով նույն կերպ կամ ավելի վատ, որովհետև ոմանք ակնհայտ ճնշված էին սուլոցներից ամեն անգամ, երբ գնդակ էին ստանում: «Լևանտեն» լավ էր փակվել, ունեցավ իր պահերը, իրացրեց երեք տուգանային հարված վտանգավոր մատույցներից։

Ընդմիջումից հետո դուրս եկան Գյուլերն ու Մաստանտուոնոն: Առաջինի մոտ նկատելի էր, որ Մբապեի հետ կապը դեռ թարմ է. 58-րդ րոպեին նրա փոխանցումը ֆրանսիացուն հանգեցրեց 11–մետրանոցի, որից էլ ծնվեց 1։0 հաշիվը: Երբ «սառույցը կոտրվեց», նյարդերը թուլացան, և խփվեց ևս մեկ գոլ՝ Գյուլերի իրացրած անկյունայինից հետո (ևս մեկ որակ, որը նրան առանձնացնում է), որը եզրափակեց Ասենսիոն:

Այսպիսով, խաղն ավարտվեց 2։0: Սա մի տեսակ «սգի թեթևացում» էր, որը, սակայն, թիմին չփրկեց հեռանալիս հնչող սուլոցներից, որոնք արագորեն խլացվեցին բարձրախոսներով հնչող ակումբի օրհներգով: Պետք է դեռ սպասել, որպեսզի նկատվի Արբելոայի ձեռագիրը, կամ, եթե պետք է հավատանք նրան, Պինտուսի ձեռագիրը, ում նա հիշատակեց «Կառլոս Բելմոնտեում» կրած տխուր գիշերվանից հետո:

Իսկ եթե Ֆլորենտինոն մտքում ունի հանրաքվե անցկացնել սոսիոների միջև, ապա երեկ նա հստակ ակնարկ ստացավ այն մասին, թե ինչ տեղի կունենա: Այլ հարց է, որ նա գուցե այնքան շատ ունի փողի կարիք, որ համարձակվի դա անցկացնել վեհաժողովի միջոցով՝ կանոնադրության «բանանային» (ավտորիտար) փոփոխությամբ, մի բան, որից նրան փորձում են հետ պահել այն քչերը, ովքեր դեռ համարձակություն ունեն նրան դեմ խոսելու:


Ամենակարդացված