Հոդվածներ

Մարսելո․ «Ամենակարևորը՝ շատ մարդկանց օգնելն է»
07.06.2025
197 0

«Ռեալի» լեգենդներն ու Դորտմունդի «Բորուսիայի» լեգենդները «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում մասնակցեցին «Corazón Classic Match 2025. տոմս՝ հույսի համար» խաղին (3:3)։

Հավաքագրված միջոցները կուղղվեն սոցիալական ռիսկի տակ գտնվող կամ խոցելի երիտասարդների զբաղվածության ծրագրերին և Մադրիդի «Ռեալի» հիմնադրամի սոցիալ-սպորտային նախագծերին։ «Արքայական ակումբի» լեգենդները հարցազրույց են տվել Realmadrid TV-ին։

Մարսելոն, որն իր առաջին մասնակցությունն էր ունենում «Corazón Classic Match»-ին, ասել է. «Շատ մեծ ուրախություն է կրկին «Բեռնաբեուում» խաղալը։ Բայց ամենակարևորն այն է, ինչին նպաստում է այս խաղը՝ օգնել շատ մարդկանց։ Ողջ սրտով կուզեի, որ բոլոր խաղերն այսպիսին լինեին»։

Վարան․ «Շատ հուզված էի»

«Մենք այստեղ ենք հիմնադրամին աջակցելու համար և հնարավորություն ունեցանք շփվել մարդկանց հետ, կրկին միասին խաղալ և հաճելի ժամանակ անցկացնել։ Շատ հուզված էի, քանի որ այստեղ շատ հիշողություններ ունեմ։ Մի փոքր նոստալգիա կար, բայց ուրախությունը մեծ էր»։

Պեպե․ «Յուրաքանչյուրս մեր բաժին աջակցությունն ենք բերում»

«Սա մի խաղ է, որը «Ռեալը» կազմակերպում է հիմնադրամի հետ համատեղ՝ հասարակությանը օգնելու նպատակով։ Մարդիկ օգնում են՝ ներկա լինելով խաղին։ Յուրաքանչյուրս մեր ներդրումն ենք բերում։ Սա հիասքանչ է, որովհետև նախկին ֆուտբոլիստներս կրկին հաճույք ենք ստանում երկրպագուների հետ միասին»։

Ռաուլ․ «Սա հատուկ խաղ է»

«Այս խաղը միշտ հատուկ է՝ հիմնադրամի կատարած մեծ աշխատանքի շնորհիվ։ Արժե շնորհավորել նրանց։ Այսօր մթնոլորտն այլ էր, շատ ընտանիքներ ու երեխաներ կային։ Մեծ հաճույք էր այս օրը կիսել Վարանի և Կրոսի պես խաղացողների հետ, որոնց հետ երբեք չէի խաղացել»։

Ռոբերտո Կառլոս․ «Չկա ավելի լավ բան, քան նման շոուն»

«Մարդիկ ցանկանում են տեսնել լեգենդների, և մեր հանդիպումը հաճելի անցավ։ Հուզմունք էր նրանց հետ լինելը։ Նրանք պատմություն են կերտել ակումբում, իսկ այսօր մարդիկ հնարավորություն ունեցան տեսնելու մեծագույն խաղացողների։ Սա հատուկ պահ է, և չկա ավելի լավ բան, քան այստեղ լինելը նման շոուի շրջանակում»։

Միչել Սալգադո․ «Ամենագեղեցիկը նպատակն է»

«Լեփ–լեցուն մարզադաշտ տեսնելը հիանալի զգացողություն է։ «Ռեալի» երկրպագուները վեհ են։ «Ռեալը» առաջինն է արժեքներով։ Նրա ստեղծած համաշխարհային սերն ու աջակցությունը ստիպում են մեզ ունենալ պարտավորություն հասարակության առաջ։ Այս խաղի ամենագեղեցիկ մասը նպատակն էր»։

Բապտիստա․ «Մադրիդիզմը օգնում է և մտածում մյուսների մասին»

«Գեղեցիկ իրադարձություն էր, որ «Ռեալը» կազմակերպել էր հիմնադրամի հետ համատեղ։ Սա մեզ շատ է մոտեցնում երկրպագուներին հանուն ազնիվ նպատակի։ Լեփ–լեցուն մարզադաշտը հիանալի օրինակ է այն բանի, որ մադրիդիզմն օգնում է և մտածում մյուսների մասին։ Սա զարմանալի նախաձեռնություն է»։

Իվան Կամպո․ «Պետք է գնահատել նման նախաձեռնությունները»

«Մադրիդիզմն այսպիսին է։ «Ռեալը» եզակի ակումբներից է, եթե ոչ միակն, որը կարող է կազմակերպել լեգենդների խաղ և լցնել մարզադաշտը։ Պետք է գնահատել նման բաները»։