• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լատասան հաջորդ մրցաշրջանում կարող է դառնալ Բենզեմային փոխարինողը

Հոդվածներ

Լատասան հաջորդ մրցաշրջանում կարող է դառնալ Բենզեմային փոխարինողը
05.06.2022
2363 0

Մբապեն այլևս անցյալում է և հարձակվողի դիրքի ճակատագիրն ամբողջությամբ Բենզեմայի ձեռքերում է։

Եթե ֆրանսիացին կարողանա խուսափել վնասվածքներից, ապա ամենաքիչը հաջորդ երկու մրցաշրջաններում «արքայական» ակումբի հարձակման գծի անվիճելի առաջատարը կլինի։ Հարցն այն է, արդյոք հիմա է պետք գնել Բենզեմային փոխարինողին, թե՞ արժի հայացք նետել «Կաստիլյային» ու տեսնել Լատասայի երկար ստվերը։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին քաջածանոթ է Լատասայի ունակություններին, քանի որ 21-ամյա հարձակվողը նախորդ մինչմրցաշրջանն առաջին թիմի հետ անցկացրեց։

Լատասան իսպանական ֆուտբոլի համար անսովոր հարձակվող է։ Չնայած 193 սմ հասակին, նա խելացի ու որակյալ դրիբլինգի է տիրապետում։ Երիտասարդ հարձակվողը կարողանում է ոչ միայն լավ խաղալ գլխով ու ազատ տարածություններ գտնել, այլ նաև կարող է անհրաժեշտության դեպքում այլ դիրքերում խաղալ։

Հաշվի առնելով, որ Մարիանոն ու Յովիչը չեն մտնում Անչելոտիի ծրագրերի մեջ ու, ամենայն հավանականությամբ կհեռանան, Լատասան դիտարկվում է, որպես Բենզեմային փոխարինող «բեքափ» տարբերակ։

Նրա ապագան ակտիվորեն քննարկվում է «Ռեալում»։ Պրիմերայի, Բունդեսլիգայի և անգամ ԱՊԼ-ի մի շարք ակումբներ հետաքրքրված են «Կաստիլյայի» հարձակվողով։

Որոշներն անգամ կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ։ Հարկ է նշել, որ «Ռայո Վալյեկանոյի» ղեկավարները հանդիպել են «Ռեալի» հետ Լատասայի վարձակալության հարցով, սակայն «սերուցքայինները» քննարկումը հետաձգել են ավելի ուշ ժամկետի։

Իսպանացին այս անգամ էլ մինչմրցաշրջանային պատրաստությունը «Ռեալի» հետ կանցկացնի և, ամենայն հավանականությամբ, դրա արդյունքում յորոշվի՝ թողնե՞լ նրան կազմում, թե դուրս գալ տրանսֆերային շուկա և պահեստային հարձակվող գտնել։

Լատասան 21/22 մրցաշրջանում «Կաստիլյայի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 13 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա հաշվին նաև «Ռեալի» հիմնական կազմում անցկացրած 1 հանդիպում կա. Լա լիգայի 37-րդ տուրում «Կադիսի» դեմ կայացած խաղում նա հանդիպման 81-րդ րոպեին խաղադաշտ մտավ։


Ամենակարդացված